հայերեն русский english
Փնտրել
 





Հասարակական-քաղաքական փաստաթղթերի բաժին

Հայաստանի Ազգային արխիվի հասարակական-քաղաքական փաստաթղթերի բաժնի հիմքը դրվել է 1923թ. մայիսի 14-ին, երբ Հկ(բ)կ կենտկոմի քարտուղարությունը որոշում է կազմակերպել կենտկոմի արխիվը, որը մեկ տարի հետո վերանվանվել է կենտկոմի ընդհանուր արխիվ: 1936թ. այն արդեն կոչվում էր կենտրոնական կուսարխիվ:
1938թ. կուսարխիվն արդեն գործում էր       Հկ(բ)կ կենտկոմի կուսակցական պատմության ինստիտուտի կազմում:
1939թ. դեկտեմբերի 22-ին կուսպատ ինստիտուտը լուծարվում է,  իսկ կուսարխիվը սկսում է գործել Հկ(բ)կ կենտկոմին առընթեր 7 աշխատակիցներով:
1947թ. սեպտեմբերի 23-ին կազմակերպվում է Հկ(բ)կ կենտկոմին կից կուսակցության պատմության ինստիտուտ - Համկ(բ)կ կենտկոմին առընթեր ՄԼԻ հայկական մասնաճյուղ; Կուսարխիվը սկսում է գործել ինստիտուտի ենթակայությամբ:
1991թ. Հայկոմկուսի լուծարման կապակցությամբ կուսարխիվի հիման վրա ստեղծվում է ՀՀ հասարակական-քաղաքական կազմակերպությունների փաստաթղթերի ԿՊԱ:
2003թ. ՀՀ կենտրոնական պետական արխիվների միաձուլմամբ ստեղծվում  է ՀԱԱ, արխիվը վերակառուցվում է ՀԱԱ բաժնի:
Ֆոնդերի բնութագիր
398 ֆոնդեր, 804883 գործ, 1855-2003թթ.
Լուսանկարչական փաստաթղթեր – մոտ 1300 գործ
 ՀԱԱ-ի ՀՔՓ բաժնում (նախկին ՀՀ Հասարակական-քաղաքական փաստաթղթերի կենտրոնական պետական արխիվ, ԽՄԿԿ Կենտկոմին կից Մարքսիզմ-Լենինիզմի ինստիտուտի հայկական մասնաճյուղի կուսակցական արխիվ) պահպանվող փաստաթղթերը կարելի է բաժանել հետևյալ հիմնական թեմատիկ խմբերի.
 1. Ռուսական կայսրությունում, Անդրկովկասում և Հայաստանում հեղափոխական, կոմունիստական, ազատագրական շարժումների, ինչպես նաև դրանց ղեկավար գործիչների վերաբերյալ (1855-1920թթ.) փաստաթղթերի խումբ:
 Այստեղ կենտրոնացված են տարբեր բնույթի արձանագրություններ, թռուցիկներ, կոչեր, անձնական ծագման նյութեր: Այս թեմատիկ խմբի փաստաթղթերի որոշակի հատվածը խորհրդային շրջանում կուսակցական արխիվի աշխատակիցների կողմից Մոսկվայի, Պետերբուրգի, և այլ վայրերի կենտրոնական ու տեղական արխիվներից հայտնաբերվել են և ՀՔՓ բաժնում պահպանվում են Հայաստանին վերաբերվող փաստաթղթերի պատճենները: Այս խմբի փաստաթղթերից են հին բոլշևիկների հուշերը և անձնական գործերը: Առանձնակի կարևոր ենթախումբ են կազմում Հայաստանում խորհրդային կարգերի հաստատման վերաբերյալ փաստաթղթերը:
 2. Մինչև 1920թ. ձևավորված հայ ավանդական ազգային և սոցիալ-դեմոկրատական ուղղվածության կուսակցությունների փաստաթղթերի խումբ:
 Այստեղ ընդգրկված են Հայ Հեղափոխական Դաշնակցություն, Սոցիալ-Դեմոկրատական հնչակյան կուսակցություն, Հայ Ժողովրդական կուսակցություն, Հայ Սահմանադիր Ռամկավար կուսակցություն, Սոցիալ-հեղափոխականների կուսակցություն, Սոցիալ-դեմոկրատական բանվորական հայկական կազմակերպության՝ սպեցիֆիկների եւ նրա  հիմնադիրներ Դ.Անանունի, Բ.Իշխանյանի, Գ.Կոզիկյանի անձնական ֆոնդերը ու փաստաթղթերը: Այստեղ կան այդ կուսակցությունների ղեկավար մարմինների արձանագրություններ, որոշումներ, բանաձևեր, գործիչների նամակներ, որոնք կարևոր նշանակություն ունեն հայ ազգային-ազատագրական պայքարի և հայ իրականության մեջ սոցիալիստական գաղափարների տարածման պատմության ուսումնասիրության համար:
 3. Հայաստանի Կոմունիստական Կուսակցության փաստաթղթերի խումբ:
 ՀՔՓ բաժնի ամենից մեծ և արժեքավոր ֆոնդը Հայաստանի Կոմունիստական կուսակցության Կենտրոնական Կոմիտեի համալիր ֆոնդն է (Ֆ.1, 1920-2003թթ. մոտ 53.000 գործ, 105 ցուցակ):
 Այստեղ կենտրոնացված են կուսակցական բարձրագույն և ղեկավար մարմինների, ինչպես նաև ՀԿԿ Կենտկոմին ենթակա և նրա կողմից վերահսկվող հաստատությունների և կազմակերպությունների փաստաթղթերը, կադրային գործերը (33.000): Համակարգված և մշակված ձևով ըստ տարիների առանձնացված են ՀԿԿ համագումարների, ՀԿԿ Կենտկոմի պլենումների, Բյուրոյի և Քարտուղարության արձանագրություններ, ՀԿԿ Կենտկոմի բաժինների փաստաթղթերը ներկուսակցական, քաղաքական, տնտեսական, գիտության և մշակույթի հարցերի վերաբերյալ:
 Այս խմբի բաղկացուցիչ մասն են կազմում ՀԿԿ քաղաքային, գավառային, շրջանային կոմիտեների և ՀԽՍՀ բոլոր հիմնարկ-ձեռնարկությունների սկզբնական կուսակցական կազմակերպությունների փաստաթղթերը, ինչպես նաև ԽՄԿԿ անդամության ընդունելության բոլոր գործերը:
 Այս խմբին թեմայով պետք է հավելել մինչև Հայաստանի Կոմունիստական կուսակցության ձևավորումը (1920թ.) գոյություն ունեցած կոմունիստական կազմակերպությունների փաստաթղթերի ենթախումբ: Այստեղ կենտրոնացված են «Սպարտակ» երիտասարդական կազմակերպության, «Հայաստանի Կոմունիստական կուսակցության» (1918թ.) գործունեության կոմկուսներին կից հայկական սեկցիաների փաստաթղթերը:
 4. ՀԿԿ և ԽՄԿԿ անվանի հայ գործիչների անձնական ֆոնդերի խումբ:
 Այստեղ կենտրոնացված են Ս.Ս.Սպանդարյանի, Ս.Գ.Շահումյանի, Ա.Ֆ.Մյասնիկյանի, Ս.Ի.Կասյանի, Ա.Հ.Մռավյանի, Ս.Մ.Տեր-Գաբրիելյանի, Ա.Մ.Մելիքյանի, Բ.Բ.Ղարիբջանյանի, Ռ.Պ.Քաթանյանի, Ս.Մ.Խանոյանի, Ս.Կ.Ալավերդյանի, Ս.Գ.Մուսելյանի, Հ.Ն.Ազատյանի անձնական ֆոնդերը: Այս խմբին պետք է հավելել կոմունիստական անվանի գործիչների (Բ.Մ.Կնունյանց, Ա.Ի.Միկոյան, Հ.Ս.Սարուխանյան և այլն) հեղափոխական գործունեության վերաբերյալ փաստաթղթերը, որոնք ներկայումս միավորված են միացյալ ցուցակում:
 5. ՀԼԿԵՄ-ի փաստաթղթերի խումբ:
 Այստեղ ընդգրկված են ՀԼԿԵՄ համագումարների, ՀԼԿԵՄ Կենտկոմի պլենումների, Բյուրոյի արձանագրությունները, բաժինների փաստաթղթերը, ՀԼԿԵՄ քաղաքային, գավառային և շրջանային կոմիտեների, սկզբնական կոմերիտական կազմակերպությունների փաստաթղթերը: Հիշատակելի է այն ուշագրավ փաստը, որ հենց սկզբից ՀԼԿԵՄ-ի փաստաթղթերը կազմել են ՀԿԿ կուսակցական արխիվի անբաժանելի մասը:
 6. Ժամանակակից կուսակցությունների և կազմակերպությունների փաստաթղթերի խումբ:
 Այստեղ կենտրոնացված են ՀՀ-ում նոր ձևավորված կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների, արհմիությունների, հայրենակցական, մշակութային, մարզական միությունների փաստաթղթերը և նյութերը:
 1992թ. սկսած ՀՔՓ բաժինը համալրվում է այդ կառույցների նյութերով և արդեն իսկ պետական պահպանության են ընդունվել շուրջ 25 նման կառույցների արխիվային փաստաթղթեր (օրինակ՝ Հայաստանի Հանրապետական կուսակցություն, Ազգային Ինքնորոշում Միավորում, Հայոց Համազգային Շարժում, «Արցախ-Հայաստան» Հայրենակցական միություն և այլն): Այս խմբին պետք է հավելել ժամանակակից քաղաքական գործիչների (Պ.Հայրիկյան, Հ.Սանասարյան և այլն) անձնական ֆոնդերը:
 7. Լուսանկարների և միկրոժապավենների փաստաթղթերի խումբ:
 Այստեղ կենտրոնացված են (ոչ ամբողջական ձևով) ՀԿԿ կուսակցական-կազմակերպչական գործունեությունն արտացոլող և ՀԽՍՀ պատմության կարևոր իրադարձությունների վերաբերյալ լուսանկարչական փաստաթղթերը (անհատական և խմբակային): Անհատ գործիչների բազմահազար լուսանկարներ են պահպանվում հին բոլշևիկների անձնական գործերում: Այս խմբի կարևոր մասն են կազմում ԽՄԿԿ Կենտկոմի ընթացիկ արխիվի և նախկին ԽՍՀՄ կենտրոնական արխիվների հայ ժողովրդի պատմությանը վերաբերող արժեքավոր փաստաթղթերի միկրոժապավենները:


Հասցե`0033 ք.Երևան, Բաղրամյան 59գ,  հեռ.(37410) 225-817

 

 

 



 



Website design and development by BRONCOWAY