հայերեն русский english
Փնտրել
 





Հայաստանի Ազգային Արխիվի մասին

Հայաստանում արխիվային գործը սկզբնավորվել է 1923 թվականին և անցել ութ տասնամյակների փառավոր ուղի:  Դարեր շարունակ զրկված լինելով պետականությունից հայ ժողովուրդը զրկվել էր նաև իր նյութական և հոգևոր գանձերը, պատմամշակութային հուշարձաններն ամբողջականորեն պահպանելու հնարավորությունից: Իսկ Առաջին աշխարհամարտի և ապա քաղաքացիական կռիվների հետևանքով առաջացած սովը, հիվանդությունները, տնտեսական քայքայվածությունը և ֆինանսական ծանր կացությունը, բնականաբար, լուրջ դժվարություններ էին ստեղծել նաև մշակութային օջախների հիմնադրման ճանապարհին:  Հայտնի է, որ ՀՍԽՀ լուսժողկոմատին առընթեր ստեղծված հեղափոխության թանգարանն ունեցել է արխիվային բաժին: Ընդունված դեկրետով պետական հաստատություններին պարտավորեցվեց մեկամսյա ժամկետում թանգարանի արխիվային բաժին հանձնել այն բոլոր գործերն ու գրագրությունները, որոնք ավարտվել էին մինչև երկրի խորհրդայնացումը (1920թ. դեկտեմբերի 2), իսկ «Խորհրդային Հայաստան» թերթի 1922թ. հունվարի 7-ի համարում զետեղված կառավարական շրջաբերականով խստիվ արգելվում էր արխիվային նյութերի ապօրինի ոչնչացումը: Այսպես քայլ առ քայլ հող էր նախապատրաստվում հանրապետության պետական կենտրոնական արխիվի ստեղծման համար: Ձեռնարկված միջոցառումների հանգուցալուծումը 1923թ. սեպտեմբերի 26-ի Հայկենտգործկոմի նախագահության որոշումն էր Կենտգործկոմին առընթեր պետական կենտրոնական արխիվ հիմնելու մասին: Իսկ 1924թ. փետրվարին հաստատվեց Հայաստանի Սոցիալիստական Խորհրդային Հանրապետության պետական կենտրոնական արխիվի կանոնադրությունը` արխիվային գործի վերաբերյալ առաջին օրենսդրական ակտը: 1924թ. հաստատված կանոնադրությամբ Երևանի պետական թանգարանի արխիվային բաժնի և մի քանի այլ արխիվային ֆոնդերի հիման վրա ստեղծվեց պետական կենտրոնական արխիվը: ՀՍԽՀ Կենտգործկոմի քարտուղարության 1924թ. մարտի 17-ի հրամանովնորաստեղծ արխիվի վարիչ նշանակվեց պրոֆ. Խաչիկ Սամվելյանը, որի ղեկավարությամբ հանրապետության առաջին արխիվագետները ձեռնամուխ եղան շենքերի նկուղներում, սենյակներում և այլուր սփռված անմշակ արխիվային նյութերի հայտնաբերման և դրանց պետական կենտրոնական արխիվում կենտրոնացման հաշվառման և մշակման աշխատանքներին։  Այսպիսով, մեր ժողովրդի մշակութային կյանքի ոլորտներից մեկի՝ արխիվների հավաքագրման, պահպանման, հաշվառման և օգտագործման գործը դրվեց պետական հիմքերի վրա։ 1923-1924թթ. ձևավորվեց նաև ՀԿ(բ)Կ Կենտկոմի արխիվը, որի հիման վրա հետագայում ստեղծվեց կուսակցական արխիվը։ 1925թ. հունիսի 19-ին` ՀՍԽՀ ՊԿԱ վարիչ Խ.Սամվելյանը Հայկենտգործկոմի նախագահ Ա.Կարինյանին զեկուցեց, որ արխիվում կենտրոնացված են նախահեղափոխական ժամանակաշրջանի 21 և խորհրդային 27 հիմնարկությունների արխիվային ֆոնդեր, և որ հաշվառման են վերցված Երևանի ևս 7 հիմնարկությունների փաստաթղթային նյութերը։ Դրա հետ մեկտեղ իրազեկվում էր նաև առաջիկայում Բաքվից, Աստրախանից, Մոսկվայից, Լենինգրադից և այլ հայաշատ վայրերից Հայաստանի ու հայ ժողովրդի պատմությանն առնչվող արխիվային արժեքավոր փաստաթղթեր և նյութեր ստանալու ակնկալիքների մասին։ Պետական կենտրոնական արխիվի վարիչ Խ.Սամվելյանի՝ արխիվի գործունեության 1930թ  տարեկան հաշվետվության մեջ հրատապ որոշ այլ խնդիրների հետ միասին պահանջ դրեց բոլոր առաջնակարգ հիմնարկներում ու ձեռնարկություններում արխիվային աշխատողների հաստիքներ ստեղծելու մասին, որպիսիք այն ժամանակ ունեին միայն Հողժողկոմատը և Երևանի ու Լենինականի քաղաքային խորհուրդների գործադիր կոմիտեները, մինչդեռ մյուս գործող պետհիմնարկներում` արխիվային աշխատողներ պաշտոնները չկային։
Հայկենտգործկոմի 1931թ. հոկտեմբերի 31-ի թիվ 23 որոշմամբ ստեղծվում է Հայաստանի կենտրոնական արխիվային վարչությունը՝ որպես արխիվային գործի կառավարման պետության կողմից լիազորված մարմին։ 1930-ական թվականների առաջին կեսին ընդլայնվեց նաև հանրապետության արխիվային ցանցը։ Կենտրոնական արխիվային վարչության նոր կանոնադրության համաձայն` ստեղծվելու էին երկու՝ ՀՍԽՀ պատմական և Հոկտեմբերյան հեղափոխության պետական կենտրոնական արխիվներ:  Քաղշրջխորհուրդներում կազմակերպվեցին արխիվային բյուրոներ, իսկ առաջնակարգ հիմնարկներում՝ արխիվային բաժիններ, որոնք կարևոր դեր ու նշանակություն ունեցան ՀԽՍՀ-ում արխիվային գործի հետագա ծավալման ու զարգացման համար։  1938թ. օգոստոսին ՀԽՍՀ Գերագույն խորհրդի որոշմամբ, կենտրոնական արխիվային վարչությունն իրեն ենթակա հիմնարկներով անցավ ներքին գործերի ժողկոմատի իրավասությանը և նույն թվականի մեկ այլ հրամանագրով վերակառուցվեց ՆԳԺԿ արխիվային բաժնի։ Վերջինիս վրա դրվեց հանրապետությունում գործող պետական կենտրոնական ու շրջանային, ինչպես նաև գերատեսչական (հիմնարկ-ձեռնարկությունների) արխիվների հսկողությունն ու նրանց աշխատանքի կազմակերպական-մեթոդական ղեկավարումը։ Ըստ վիճակագրական առկա տվյալների՝ այդ ժամանակ պետարխիվներ ունեին Հայաստանի 38 վարչական շրջաններից 26-ը (որոշ աղբյուրների համաձայն՝ 33-ը)։  ՀԽՍՀ Ժողկոմխորհը 1939թ. օգոստոսի 23-ին լսեց հանրապետության ժողկոմատներում,  հիմնարկներում ու շրջաններում արխիվային գործի մասին հարցը և արձանագրեց փաստաթղթային նյութերի պահպանման ծայրահեղ անբավարար վիճակը։ Բոլոր հիմնարկների ղեկավարներին և շրջգործկոմների նախագահներին առաջարկվեց արխիվներն ապահովել հարմարավետ սենյակներով՝ համապատասխան կահավորմամբ, անհրաժեշտ հաստիքային միավորներով և մեկ ամսվա ընթացքում գիտատեխնիկական մշակման ենթարկել արխիվներում կուտակված չկարգավորված փաստաթղթերը։  1941թ. մարտի 29-ին ԽՍՀՄ Ժողկոմխորհի կողմից հաստատված «ԽՍՀՄ պետական կենտրոնական արխիվների ցանցի» մասին որոշման համաձայն՝ ՀԽՍՀ հոկտեմբերյան հեղափոխության և պատմական արխիվները միավորվեցին ու վերստեղծվեց ՀԽՍՀ պետական կենտրոնական արխիվը։
Մեծ հայրենականը նոր խնդիրներ և պահանջներ ներկայացրեց երկրին։ Առաջին իսկ օրերին հանրապետությունից գործող բանակ մեկնեցին նաև շատ արխիվագետներ (Հարություն Կարապետյան, Գոհար Նահապետյան, Մուշեղ Գրիգորյան, Մարտին Մխիթարյան և այլք)։ Իսկ թիկունքում մնացածների առջև խնդիր ծառացավ արխիվային փաստաթղթերն օգտագործել գերմանական ֆաշիզմի դեմ մղվող քարոզչական նպատակների համար։  Ակնհայտ էր, որ անգամ պատերազմական ծանր պայմաններում երկրի արխիվային գործը դուրս չէր մնում կառավարական մարմինների ուշադրությունից, ինչի մասին վկայող բազմաթիվ փաստերից մեզ համար կարևորվում է մասնավորապես Հայաստանի Ժողկոմխորհի 1943թ. հոկտեմբերի 8-ի որոշմամբ ՀԽՍՀ կինոֆոտոֆոնո փաստաթղթերի պետական կենտրոնական արխիվի հիմնադրումը։ 1945թ. տարեկան հաշվետվությունից երևում է, որ պետական կենտրոնական արխիվում առ 1-ը հունվարի 1946թ. հաշվվում էր ընդամենը 475 ֆոնդ՝ 235.700 պահպանման միավորով։ Այդ ցուցանիշները հետագա 10 տարիների ընթացքում որոշակիորեն աճեցին. ֆոնդերի թվաքանակն ավելացավ 279-ով, պահպանման միավորներինը՝ 23.505-ով։ Իսկ 1957թ. վերջին` ֆոնդային մատյանում արդեն գրանցված էր 765 ֆոնդ՝ 269.840 միավորով։ Այս ընթացքում  կինոֆոտոֆոնո փաստաթղթերի պետական կենտրոնական արխիվում 1944-1957թթ. ընթացքում հավաքագրվել էին 30.351 պոզիտիվ-նեգատիվ միավորներ, որոնցից 21.808-ը արդեն կարգավորված էին։ Միայն 1958թ. ըն թացքում համալրվել էր 8920 նեգատիվ-պոզիտիվ պահպանման միավոր ֆոտոփաստաթուղթ, որոնցից նույն տարում լրիվ մշակման էին ենթարկվել 4962-ը։ 1958թ. հունվարի 29-ին ՀԽՍՀ Նախարարների խորհուրդը հանրապետության արխիվային գործի հետագա բարելավման նպատակով որոշեց ՀԽՍՀ ՆԳՆ արխիվային բաժինը վերանվանել նախարարության արխիվային վարչություն, իսկ պետական կենտրոնական արխիվը վերակազմակերպել՝ վերջինիս հիման վրա ստեղծելով երկու՝ ՀԽՍՀ պատմական (հետագայում պատմության) ու Հոկտեմբերյան հեղափոխության և սոցիալիստական շինարարության պետական կենտրոնական արխիվներ։ ՀԽՍՀ Նախարարների խորհուրդը ԽՍՀՄ և միութենական մյուս հանրապետությունների օրինակով 1962թ. հուլիսի 22-ին որոշեց Ներքին գործերի նախարարության արխիվային վարչությունը վերակազմել ՀԽՍՀ Նախարարների խորհրդին առընթեր արխիվային վարչության։ Այս վերակառուցումը, ինչպես փորձը ցույց տվեց, անչափ կարևոր էր և արմատական նշանակություն ունեցավ երկրի արխիվային գործի հետագա բարելավման ու աննախադեպ զարգացման համար։ 1963թ. ՀԽՍՀ Նախարարների խորհրդի որոշմամբ ՀԽՍՀ արխիվային վարչության պետ նշանակվեց Աշոտ Հարությունյանը։ Կառավարության հաջորդ, ոչ պակաս կարևոր ակտը, որ ընդունվեց 1963թ. մայիսի 25-ին, արխիվային վարչության նոր կանոնադրության հաստատումն էր։ Բացի այդ, կառավարության որոշմամբ վերացվեցին  Լենինականի, Կիրովականի, Ղափանի և Էջմիածնի քաղաքային պետական արխիվները և դրանց փաստաթղթային նյութերի բազայի  վրա, այդ քաղաքներում ստեղծվեցին ՀԽՍՀ հոկտեմբերյան հեղափոխության և սոցիալիստական շինարարության պետական կենտրոնական արխիվի չորս մասնաճյուղեր։ Հետագայում այդ թիվը կրկնապատկվեց. մասնաճյուղեր ստեղծվեցին Հրազդանում, Իջևանում, Կամոյում և Արարատում։ Այնուհետ ՀԽՍՀ Նախարարների խորհրդի 1973թ. հունվարի 24-ի որոշմամբ ստեղծվեց հայ պարբերական մամուլի  պետական կենտրոնական արխիվը (ՀՊՄ ՊԿԱ), որը Խորհրդային Միության արխիվային շինարարության պատմության մեջ բացառիկ երևույթներից էր։ Այդ տարիների կարևոր իրողություններից է նաև կինոֆոտոֆոնո արխիվի չորս հարկանի շենքի շահագործումը։ Այն ապահովված էր այդ տեսակի փաստաթղթերի հետ աշխատանքների իրականացման համար առաջին անհրաժեշտության ժամանակակից սարքավորումներով ու նյութերով։  1980 թվականի տարեմուտը նշանավորվեց հանրապետության արխիվային համակարգի թվով 5-րդ պետական կենտրոնական արխիվի ծննդով. հունվարի 1-ից Հայկական ԽՍՀ-ում սկսեց գործել գիտատեխնիկական փաստաթղթերի արխիվը։ 1980թ. որոշում ընդունվեց նաև Երևան քաղաքի պետական արխիվ ստեղծելու մասին, որը սկսեց գործել հաջորդ տարվա սկզբից։ Բացի այդ, 1980-ական թվականների՝ ոլորտի հետ կապված կարևորագույն իրադարձություններից է համակարգում ծավալված շինարարական-վերանորոգչական աշխատանքների իրականացումը, որոնց արդյունքում շարք մտան արխիվային նոր կառույցներ, ինչպես նաև բարեկարգվեցին հները։  Արխիվային պարբերական ունենալու հարցը պետական ու գերատեսչական արխիվների լայն ցանց ստեղծած Հայաստանի համար հասունացել էր տակավին 1940-ական թվականներին։ Սակայն հայ արխիվագետների այդ ցանկությունը իրականացավ հաջորդող տասնամյակի՝ 1950-ականի կեսերին։ Արխիվային առաջին պարբերականի՝ «Գիտաինֆորմացիոն բյուլետենի» անդրանիկ համարը լույս տեսավ 1956 թվականին, վերջին՝ 21-րդ համարը՝ 1962-ին, երբ արդեն 3-րդ տարին էր,ինչ զուգահեռաբար սկսել էր լույս տեսնել «Բանբեր Հայաստանի արխիվների» հանդեսը՝ տարեկան մեկ համար պարբերականությամբ: Մինչ օրս հրապարակվել է հանդեսի 102 համար։ 
Խորհրդային Միության փլուզումից հետո նորանկախ պետությունների համագործակցությանը (ԱՊՀ) մասնակից երկրների միջև ստեղծված նոր փոխհարաբերությունները դրականորեն անդրադարձան նաև արխիվային գործում միջազգային համագործակցության հաստատման ու զարգացման վրա։ Այդ են վկայում 1990-ական թվականների կեսերից սկսած՝ տարբեր երկրների արխիվային հաստատությունների մակարդակով համատեղ խորհրդակցությունների, գիտաժողովների, համախորհրդակցությունների և համանման այլ միջոցառումների անցկացումը։ Այսպես, 1995թ. սեպտեմբերի 25-29-ին ԱՊՀ անդամ պետությունների արխիվագետների համագործակցության նպատակով Ալմա-Աթայում տեղի ունեցած ԱՊՀ ու Մերձբալթյան երկրների պետական արխիվային ծառայությունների ղեկավարների հերթական հանդիպման ժամանակ համատեղ քննարկման առարկա դարձան քաղաքացիների սոցիալ-իրավական հարցումների բավարարման նպատակով արխիվային ծառայությունների համագործակցության մեխանիզմի մշակմանը ուղղված մոտեցումների համաձայնեցման, ինչպես նաև արխիվային գործի լրատվական կենտրոնի կանոնադրության նախագծի մասին հարցերը։ Այդտեղ ՀՀ կառավարությանն առընթեր արխիվային գործի վարչության պատվիրակությունը միանշանակ իր համաձայնությունը հայտնեց կանոնադրության պահանջներին համապատասխան համագործակցելու վերաբերյալ։ Ավելացնենք, որ 1994թ. մայիսի 30-ից սկսած՝ ԱՄԽ-ի անդամ էր նաև ՀՀ արխիվային գործի վարչությունը։ 1997թ. նոյեմբերի 29-ին կայացած ԱՄԽ-ի Եվրասիական բյուրոյի հերթական նիստի քննարկման հիմնական թեման արխիվների մատչելիության ապահովումն էր։ Ի դեպ, այդ կարգի հանդիպում-միջոցառումներ կազմակերպվել են նաև 1998-1999թթ., որոնց, սակայն, ֆինանսական միջոցների սղության պատճառով Հայաստանի արխիվագետները չեն մասնակցել։ Այդուհանդերձ, այդ դժվարին ժամանակներում որոշակի քայլեր իրականացվել են՝ կապված հատկապես ԱՊՀ մասնակից պետությունների արխիվային ծառայությունների հետ փոխգործողությունների երկկողմանի համաձայնագրերի կնքման հետ։ 1997թ. հուլիսի 22-ին Կիևում միջգերատեսչական համաձայնագիր է կնքվել Ուկրաինայի Նախարարների կաբինետին առընթեր գլխավոր արխիվային վարչության և ՀՀ կառավարությանն առընթեր արխիվային գործի վարչության, իսկ նույն թվականի նոյեմբերի 17-ին Թբիլիսիում՝ Վրաստանի արխիվային դեպարտամենտների ու ՀՀ արխիվային վարչության միջև, որոնք վավերացվել են համապատասխանաբար ՀՀ վարչապետի 1998թ. հունվարի 12-ի N6 և 1998թ. հունվարի 17-ի N350 որոշումներով։ 1998-2000թթ. ընթացքում արխիվային գործի բնագավառում համագործակցության համանման համաձայնագրեր ստորագրվեցին նաև Հայաստանի արխիվային գործի վարչության և Ռուսաստանի (վավերացվել է ՀՀ վարչապետի 1998թ. հոկտեմբերի 15-ի N 592 որոշմամբ), ապա ՀՀ արխիվային գործի վարչության և Բելոռուսի արխիվների և գործավարության պետական կոմիտեի միջև (վավերացվել է ՀՀ վարչապետի 2001թ. մարտի 31-ի N260 որոշմամբ)։
Վերջին տարիներին հանրապետության արխիվագետներն ամերիկահայ համայնքի բարերարներից բավականաչափ ֆինանսական աջակցություն ստացան՝ ի նպաստ մայր հայրենիքում արխիվային շինարարության ծավալման, ինչի արգասիքներն այսօր ակնհայտորեն տեսանելի են և՜ մեզ՝ ոլորտի աշխատողների, և՜  այցելուների համար։ Այսպես, 2003 թ. ամռանը շնորհիվ Վարդանանց ասպետների Ղևոնդ դահլիճի ներկայացուցիչ Սեմ Սասունյանի փոխվեցին ՀԱԱ-ի եռահարկ շենքի բոլոր պատուհաններն ու մի քանի դռներ:   Ներկայումս հայ արխիվագետների կողմից նպատակամետ աշխատանքներ են տարվում արտերկրի հայրենակիցների հետ ստեղծագործական կապերի ու համագործակցության զարգացմանն ի նպաստ, խորապես համոզված լինելով , որ հնարավոր ու փոխշահեկան է համատեղ իրականացնել նաև փաստաթղթերի ժողովածուների, գիտական ուսումնասիրությունների, մենագրությունների պատրաստման ու ազգօգուտ այլ աշխատանքներ՝հիմքում ունենալով Հայաստանի ազգային արխիվում հավերժ հանգրվանած փաստաթղթային տեղեկատվության հարուստ պաշարները։ 1996 թվականին մեր երկրում տեղի ունեցան վարչատարածքային բաժանման սկզբունքային փոփոխություններ։ Լուծարվեցին հանրապետության 37 շրջանները՝ ստեղծվեցին վարչական 10 նոր միավորներ՝ մարզեր (չհաշված Երևան քաղաքը, որին նույնպես մարզի կարգավիճակ վերապահվեց)։ Հաշվի առնելով ՀՀ վարչատարածքային սույն բաժանումները, ինչպես նաև կառավարման համակարգում արխիվային ծառայության կարգավիճակը որոշելու անհրաժեշտությունը՝ ՀՀ վարչապետի 1996թ. սեպտեմբերի 26-ի N 536 որոշմամբ հաստատվեցին արխիվային գործի վարչության  նոր կանոնադրությունը և ՀԱԱՖ փաստաթղթերի պահպանությունն իրականացնող արխիվների համակարգը։ Այդ որոշման համաձայն, Արխիվային գործի վարչության համակարգում սկսեցին գործել 6 կենտրոնական և Երևան քաղաքի ու հանարապետության 10 մարզերի պետական արխիվներ՝ իրենց 41 մասնաճյուղերով։   2004թ. նշանավորվեց հանրապետության արխիվային գործի օրենսդրական դաշտի հետագա կատարելագործմամբ: Ազգային ժողովը ընդունեց «Արխիվային գործի մասին» ՀՀ նոր օրենքը: Վերջին տարիների ընթացքում  ՀՀ կառավարության կողմից ոլորտում իրականացվեցին նաև ներհամակարգային արմատական բարեփոխումներ։ Հանրապետության գործադիր իշխանության համապատասխան որոշումներով նախ 2002թ. մարտի 6-ի ՀՀ կառավարությանն առընթեր արխիվային գործի վարչությունը վերակազմավորման ձևով վերակազմակերպվեց ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության աշխատակազմի արխիվային գործի գործակալության՝ հիմնարկի առանձնացված ստորաբաժանման կարգավիճակով, ապա՝ հաստատվեց վերջինիս կանոնադրոությունը, ըստ որի գործակալությունը հանդիսանում էր ՀՀ գործադիր իշխանության հանրապետական մարմին։ 2003թ. օգոստոսի 8-ի որոշմամբ գործակալությունը վերակազմակերպվեց նախարարության կառուցվածքային ստորաբաժանման։ Բարեփոխումների հերթական փուլով՝ 2002թ. օգոստոսի 22-ին ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ` արխիվային գործի գործակալության ենթակայության պետական արխիվները վերակազմակերպվեցին պետական ոչ առևտրային կազմակերպությունների, իսկ 2003թ. մարտի 20-ին ընդունված կառավարական մեկ այլ որոշումով` դրանք (իրենց սպասարկող ծառայության հետ միասին)  միաձուլման ձևով վերակազմակերպվեցին ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության ենթակայության «Հայաստանի ազգային արխիվ» պետական ոչ առևտրային կազմակերպության։ Նույն որոշմամբ գործակալության ենթակայության մարզերի (նաեւ՝Երևան քաղաքի) պետական արխիվները վերակազմակերպվեցին ազգային արխիվի մարզային մասնաճյուղերի, իսկ մարզպետարխիվների նախկին մասնաճյուղերը՝ նրա տարածքային ներկայացուցչությունների։ Թվարկված բարեփոխումների արդյունքում Հայաստանի Հանրապետության արխիվային համակարգն այսօր այդպիսին է. «Հայաստանի ազգային արխիվ» պետական ոչ առևտրային կազմակերպություն ու նրա անմիջական ենթակայությամբ գործող 11 մարզային (այդ թվում՝ Երևան քաղաքի) մասնաճյուղեր և 29 տարածքային ներկայացուցչություններ, ուր 2006թ. հունվարի 1-ի դրությամբ կենտրոնացված են ամբողջությամբ վերցրած 5759 ֆոնդ՝ 3419353 պահպանման միավորներով։ Հետընթաց հայացք նետելով ՀՀ արխիվային  շինարարության չորս քսանամյակների բարձունքից և մտովի ի մի բերելով անցած ժամանակաշրջանի արարումների արգասիքները՝ դժվար չէ համոզվել ակներև  ձեռքբերումներում, նաև այն բանում, որ ոլորտի բոլոր ժամանակների աշխատողների գործադրած ջանքերը զուր չեն անցել, քանի որ 80-ամյա համակարգը ակնհայտ բարձունքի է հասել։ Կասկածից վեր է, որ այդ նվաճումները զարգացնելու և նոր, լուրջ ձեռքբերումների հասնելու համար կարևոր նախապայման է նաև այն, որ մենք՝ արխիվագետներս, ոլորտի գործունեությունը չդիտենք որպես ինքնանպատակ, համազգային ու համապետական խնդիրներից տարանջատ գործողությունների շարան։ Պետական արխիվային ծառայության աշխատանքը պետք է ի սպաս դրվի երկրում անկախ պետականության կայացման ու ամրապնդման գործին, նպաստի  սերունդներին  մեր ժողովրդի անցյալի համար հպարտության, ներկային՝ նվիրումի և ապագային՝ հավատքի ոգով դաստիարակության վեհ նպատակներին, օգնի ծառացած համապետական ու համազգային խնդիրների լուծմանը:




 



Website design and development by BRONCOWAY