հայերեն русский english
Փնտրել
 





Իրադարձությունների տարեգրություն 1942-1991թթ.

1 9 4 2 թ.
Փետրվարի 13 - ՀԽՍՀ ՆԳԺԿ հրամանով, համաձայն ԽՍՀՄ ՆԳԺԿ 1941թ. հուլիսի 4-ի հրամանի, արխիվային բաժինը վերանվանվեց ՀԽՍՀ ՆԳԺԿ պետական արխիվների բաժին։

1 9 4 3 թ.
Հոկտեմբերի 8 - ՀԽՍՀ Ժողկոմխորը ընդունեց «Կինո-ֆոտո-ֆոնո փաստաթղթերի պետական կենտրոնական արխիվ կազմակերպելու մասին» որոշումը, որտեղ նշվում էր, որ նոր արխիվը կազմակերպվելու է Երևան քաղաքում և գտնվելու է ներքին գործերի ժողկոմիսարիատի անմիջական տնօրինության տակ՝ հինգ հաստիքային միավորով։Արխիվի տնօրեն նշանակվեց Վարդիթեր Մովսիսյանը:

1 9 4 5 թ. 
Օգոստոսի 21 - ՀԽՍՀ ՆԳԺԿ-ի հրամանով պետական կենտրոնական արխիվին առընթեր ստեղծվեց գիտական խորհուրդ՝ արխիվների բաժնի պետ Կ.Ստեփանյանի նախագահությամբ։ Առաջին գիտական խորհրդի կազմում ընդգրկվեցին Հայաստանի կոմկուսակցական Կենտկոմի պրոպագանդայի և ագիտացիայի սեկտորի վարիչ Ս.Բուդումյանը, ՀԽՍՀ գիտությունների ակադեմիայի պատմության ինստիտուտի դիրեկտորի պաշտոնակատար Մ.Ներսիսյանը, Երևանի պետհամալսարանի պատմության ֆակուլտետի ամբիոնի վարիչ, պրոֆ. Վ.Ռշտունին, Մատենադարանի դիրեկտոր Գ.Աբովը, պատմական գիտությունների դոկտոր Աբ.Հովհաննիսյանը և ուրիշներ։
Սեպտեմբերի 13 - ՀԽՍՀ Ժողկոմխորի կարգադրությամբ, ՀԽՍՀ ֆոտո-ֆոնո-կինո փաստաթղթերի պետական կենտրոնական արխիվը դասվեց հանրապետության գիտահետազոտական հաստատությունների շարքը:

1 9 4 7 թ.
Սեպտեմբերի 24 - Աբրահամ Նուշոյի Մկրտչյանը նշանակվեց ՀԽՍՀ պետական կենտրոնական արխիվի պետ։

1 9 4 8թ.
Հունիսի 8 - ՀԽՍՀ ՆԳ նախարարի հրամանով արխիվների բաժնի գիտական խորհրդի անդամներ նշանակվեցին Կ.Ա.Ստեփանյանը, Ա.Ն.Մկրտչյանը, Գ.Գ.Հարությունյանը, Վ.Մ.Մովսիսյանը, Բ.Հ.Լալայանը (ՀԿԿ Կենտկոմից), Վ.Ավետիսյանը (ՄԼԻ-ի հայկական մասնաճյուղից), Մ.Գ.Ներսիսյանը (գիտությունների ակադեմիայից), Վ.Հ.Ռշտունին (պետական համալսարանից), Գ.Աբովը (Մատենադարանից), Վ.Ա.Պարսամյանը (Հայկական մանկավարժական ինստիտուտից), Ա.Մ.Թումանյանը (Կուսհրատից)։

1 9 5 0 թ.
Ապրիլի 20 - ՀԽՍՀ պետական կենտրոնական արխիվում ստեղծվեց մշտական գործող վերահսկողության խումբ՝ փաստաթղթային նյութերի գիտատեխնիկական մշակման աշխատանքների որակի ստուգման համար։

1 9 5 2 թ.
Մայիսի 29 - ՀԽՍՀ ներքին գործերի  նախարարի հրամանով մայոր Վարդգես Գերասիմի Կզարթմյանը ՀԽՍՀ ԳՆՄ արխիվային բաժնի պետ։ Նիկիֆորովա Մարիա Նիկիֆորովնան ազատվեց պետի ժամանակավոր պարտականությունները կատարելուց։

1 9 5 6 թ.
Մարտ ամսում դրվեց ՀԽՍՀ պետական կենտրոնական արխիվների շենքի հիմքը՝ մայրաքաղաքի Կիևյան փողոցում (այժմ՝ Հր.Քոչարի անունը կրող մասում)։
Հունիսի 23 - Հայաստանի կոմկուսակցության Կենտկոմը թույլատրեց արխիվային բաժնի օրգան «Գիտա-ինֆորմացիոն բյուլետեն» հանդեսի պարբերական հրատարակությունը՝ հանրապետության պետական և  գերատեսչական արխիվների ներքին օգտագործման համար։
Դեկտեմբեր - Լույս տեսավ արխիվային բաժնի օրգան «Ինֆորմացիոն բյուլետեն»-ի անդրանիկ համարը։

1 9 5 8 թ.
Փետրվարի 11 - Հրապարակվեց ՀԽՍՀ ներքին գործերի նախարարի  հրամանը՝ ՀԽՍՀ նախարարների խորհրդի 1958թ. հունվարի 29-ի որոշման համաձայն, արխիվային բաժինը արխիվային վարչություն, իսկ ՀԽՍՀ պետական կենտրոնական արխիվը՝ Հոկտեմբերյան հեղափոխության ու սոցիալիստական շինարարության և պետական կենտրոնական պատմական արխիվների վերակառուցելու մասին։
Փետրվարի 21 - ՀԽՍՀ ներքին գործերի նախարարի հրամանով Աբրահամ Նուշոյի Մկրտչյանը պետական կենտրոնական արխիվի վերակառուցման կապակցությամբ ազատվեց արխիվի պետի պարտականությունից։
Փետրվարի 21 - ՀԽՍՀ ներքին գործերի նախարարի հրամանով Գրիգոր Գենջոյի Հարությունյանը նշանակվեց ՀԽՍՀ պատմական պետական կենտրոնական արխիվի պետ։
Մարտի 6 - ՀԽՍՀ ներքին գործերի նախարարի  հրամանով Միքայել Հմայակի Բաբաջանյանը նշանակվեց ՀԽՍՀ Հոկտեմբերյան հեղափոխության ու սոցշինարարության պետական կենտրոնական արխիվի պետ։
- Պետական կենտրոնական արխիվների նորակառույց շենքը հանձնվեց շահագործման։ Սկզբում փոխադրվեցին ֆոտո-ֆոնո-կինո փաստաթղթերի և պատմական արխիվների, իսկ հետո՝ Հոկտեմբերյան հեղափոխության և սոցշինարարության արխիվի  նյութերը։ Նոր շենքում օդի հարաբերական խոնավորության մշտական պահպնմամբ, լուսավոր ու ընդարձակ աշխատանքային սենյակների, օժանդակ արհեստանոցների, գրադարանի, ընթերցասրահի, ախտահանման խցիկի, միկրոֆոտոլաբորատորիայի և այլ հարմարությունների առկայությամբ ամբողջովին փոխվեց արխիվային գործի դրվածը պետական կենտրոնական արխիվներում։

1 9 5 9 թ.
Փետրվարի 23 - ՀԽՍՀ  նախարարների խորհրդի հաստատեց ՀԽՍՀ ՆԳՆ արխիվային վարչության, կենտրոնական, քաղաքային և շրջանային արխիվների կանոնադրությունները և ՀԽՍՀ պետական արխիվների ցանցը։

1 9 6 0 թ.
Հունվարի 19 - ՀԽՍՀ Ն նախարարի հրամանով ՀԽՍՀ ֆոտո-ֆոնո-կինո փաստաթղթերի պետական կենտրոնական արխիվի պետ նշանակվեց Լեոնիդ Լյուդվիգի Քոչարյանը։
Մայիսի 27 - ՀԽՍՀ նախարարների խորհրդի ընդունեց ՀԽՍՀ ներքին գործերի նախարարության առաջարկությունը՝ տեղական արդյունաբերության վարչության համակարգում ստեղծելու հիմնարկ-ձեռնարկությունների և կազմակերպությունների փաստաթղթային նյութերի գիտա-տեխնիկական մշակման կազմակերպություն (գրասենյակ)։ Այդ կապակցությամբ հանձնարարություն տրվեց Երևանի քաղխորհրդի գործկոմին։
Հուլիս - Լույս տեսավ ՙԲանբեր Հայաստանի արխիվների՚ հանդեսի անդրանիկ համարը։ Խմբագրության կողմից տրված հայտարարության մեջ կարդում ենք. «ՀԽՍՀ ՆԳՆ արխիվային վարչության օրգան «Բանբեր Հայաստանի արխիվների» հանդեսը կոչված է գիտական շրջանառության մեջ դնելու հայ ժողովրդի պատմության, հատկապես Սովետական Հայաստանի վերաբերյալ փաստաթղթային նյութերը»։ Այնուհետև հաղորդվում էր, որ հանդեսում կտպագրվեն արխիվային փաստաթղթերի հավաքածուներ, ինչպես նաև գիտական հոդվածներ, հաղորդումներ, թեմատիկ ու ֆոնդային տեսություններ և այլն։
Նոյեմբերի 1 - ՀԽՍՀ ներքին գործերի նախարարի հրամանով ՀՀՍՇ ՊԿԱ-ի պետ նշանակվեց Աշոտ Մկրտիչի Հայրապետյանը։

1 9 6 2 թ.
Հուլիսի 22 - ՀԽՍՀ նախարարների խորհրդի որոշում ընդունեց ՀԽՍՀ ՆԳՆ-ի արխիվային վարչությունը ՀԽՍՀ նախարարների խորհրդի առընթեր արխիվային վարչություն վերակազմելու մասին։ Հանձնարարվեց արխիվային վարչությանը մշակել կենտրոնական, քաղաքային և շրջանային պետական արխիվների կանոնադրությունները և ներկայացնել ՀԽՍՀ նախարարների խորհրդի ՝ հաստատման։

1 9 6 3 թ.
Հունվարի 12 - ՀԽՍՀ Գերագույն խորհրդի Նախագահության հրամանագրով քաղաքային արխիվներ ստեղծվեցին Ալավերդիում, Արթիկում, Արարատում, Կամոյում, Ղափանում և Հրազդանում։ Այսպիսով, հանրապետությունում հաշվվում էին երեք կենտրոնական, ինը քաղաքային (Լենինական, Կիրովական, Էջմիածին) ու 27 շրջանային պետական արխիվներ։
Հունվարի 21 - ՀԽՍՀ նախարարների խորհրդի որոշմամբ ՀԽՍՀ արխիվային վարչության պետ նշանակվեց Աշոտ Հովսեփի Հարությունյանը։
Ապրիլի 3 - Արխիվային վարչության միջնորդության հիման վրա Հայաստանի կոմունիստական կուսակցության Կենտրոնական կոմիտեն որոշեց թույլատրել արխիվային վարչությանը «Բանբեր Հայաստանի արխիվների» հանդեսը լույս ընծայել տարեկան երեք անգամ, յուրաքանչյուրը 15 մամուլ ծավալով։
Հանդեսի խմբագիրը հաստատվեց արխիվային վարչության պետ Ա.Հ.Հարությունյանը, իսկ խմբագրական կոլեգիայի անդամներ՝ Ա.Հ.Ասրյանը, Հ.Լ.Գրիգորյանը, Ա.Մ.Հայրապետյանը, Հ.Մ.Շաթիրյանը, Գ.Գ.Հարությունյանը, Խ.Հ.Բարսեղյանը, Գ.Խ.Ստեփանյանը և Գ.Ա.Գալոյանը։
Մայիսի 25 - ՀԽՍՀ նախարարների խորհրդը հաստատեց արխիվային վարչության կանոնադրությունը։ Կանոնադրության առաջին հոդվածը սահմանում է, որ ՀԽՍՀ նախարարների խորհրդի  առընթեր արխիվային վարչությունը հանդիսանում է հանրապետության պտական ու գերատեսչական արխիվների գիտական, կազմակերպական և մեթոդական ղեկավարությունն իրագործող պետական մարմին։
Հոկտեմբեր - ՀԽՍՀ պետական պատմական կենտրոնական արխիվի տնօրինությունը հատուկ նամակով դիմեց արտասահմանյան հայ գաղթօջախներում գտնվող շուրջ 260 մշակութային  հաստատությունների, նշանավոր հասարակական գործիչների՝ Մայր հայրենիքի արխիվներին հանձնելու իրենց մոտ եղած արխիվային փաստաթղթերն ու նյութերը։ Նամակն արժանացավ հավանության ու լայնորեն մասսայականացվեց արտասահմանյան հայկական թերթերում։
Հոկտեմբերի 15 - ՀԽՍՀ նախարարների խորհրդի առընթեր արխիվային վարչության պետի հրամանով ՀՀՍՇՊԿԱ պետ նշանակվեց Սամվել Խաչիկի Ալեքսանյանը։
Նոյեմբերի 18 - Արխիվային վարչության պետ Ա.Հ.Հարությունյանի հրամանով ստեղծվեց հանձնաժողով (Ր.Հարությունյան, Ա.Զախարյան, Է.Զախարյան) ՀԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահ Է.Թոփչյանից ընդունելու գեներալ Անդրանիկի արխիվը և ենթարկելու գիտատեխնիկական մշակման, դրանով հիմք դրվեց Անդրանիկ Օզանյանի անձնական ֆոնդի ստեղծմանը։

1 9 6 5 թ.
Ապրիլի 1 - ՀԽՍՀ շինարարության նախարարության N 1 շինտրեստի կողմից սկսվեցին պետական կենտրոնական արխիվների վարչական մասնաշենքի և արխիվադարանների լրացուցիչ հարկերի կառուցման նախապատրաստական աշխատանքները։

1 9 6 6 թ.
Դեկտեմբերի 14 - Երևանի քաղաքային խորհրդի գործկոմը որոշեց Հրաչյա Քոչարի փողոցի վրա գտնվոր արխիվային շենքի աջ և ձախկողմյան կից տարածությունները  հատկացնել արխիվային վարչությանը՝ հետագայում կից մասնաշենքեր կառուցելու նպատակով։

1 9 6 7 թ.
Փետրվարի 1 - ՀԽՍՀ նախարարների խորհրդի կարգադրությամբ հաստատվեց արխիվային վարչության գիտական խորհրդի նոր կազմ։
Մարտի 15 - Երևանի քաղխորհրդի գործկոմը որոշեց ՀԽՍՀ ֆոտոֆոնոկինո փաստաթղթային պետական կենտրոնական արխիվի շենքի կառուցման համար հողամաս հատկացնել Երևանի ռադիոկայմի մոտ։
 
1 9 7 1 թ.
Աշնանն ավարտվեց ՀԽՍՀ կինոֆոտոֆոնո փաստաթղթերի պետական կենտրոնական արխիվի շենքի կառուցման աշխատանքները։

1 9 7 2 թ.
Մարտի 22 - Հոկտեմբերյան հեղափոխության և սոցշինարարության պետական կենտրոնական արխիվի տնօրեն նշանակվեց նույն արխիվի բաժնի վարիչ Արարատ Առաքելի Սարգսյանը։

 
1 9 7 3 թ.
Հունվարի 24 - ՀԽՍՀ նախարարների խորհրդի որոշում ընդունեց հայ պարբերական մամուլի պետական կենտրոնական արխիվ ստեղծելու մասին։ Դրանով հնարավորություն ստեղծվեց համակենտրոնացնելու հայ պարբերական մամուլը, նրա պատմությունն ու գործունեությունն արտացոլող արխիվային նյութերը, ապահովել անվտանգությունը՝ դրանք գիտության ու տեխնիկայի համար օգտագործելու նպատակով։
Հունվարի 24 -  ՀԽՍՀ նախարարների խորհրդի առընթեր արխիվային վարչության պետի հրամանով հայ պարբերական մամուլի պետական կենտրոնական արխիվի տնօրեն նշանակվեց Սանդրո Արտաշեսի Բեհբությանը։

1 9 7 5 թ.
Հոկտեմբերի 24 - Հիմք ընդունելով ԽՍՀՄ նախարարների խորհրդի առընթեր գլխավոր արխիվային վարչության հանձնարարականները,  ՀԽՍՀ արխիվային վարչության հրամանով գերատեսչությունների փաստաթղթային նյութերի գիտա-տեխնիկական մշակման գրասենյակը 1976թ. հունվարի 1-ից պետք է անցներ ՀԽՍՀ ՀՀՍՇ ՊԿԱ ենթակայությանը։
Նոյեմբերի 11 - ՀԽՍՀ նախարարների խորհրդի հաստատեց արխիվային վարչության կառուցվածքը՝ 34 հաստիքային միավորներով։ Ըստ այդ կառուցվածքի, արխիվային վարչությունն իր մեջ ներառում էր հետևյալ բաժինները. 1) կազմ-մեթոդական, 2) փաստաթղթային նյութերի գիտական ինֆորմացիայի ու օգտագործման, 3) գիտահրատարակչական, 4) գերատեսչական արխիվների, կոմպլեկտավորման ու գործավարության, 5) ֆինանսական-հաշվապահական, 6) տնտեսական և գրասենյակային սպասարկման։

1 9 7 7 թ.
Դեկտեմբերի 21 - Հրապարակվում է «Պատմության և կուլտուրայի հուշարձանների պահպանության և օգտագործման մասին» ՀԽՍՀ օրենքը, հաստատված ՀԽՍՀ երագույն խորհրդի իններորդ գումարման 6-րդ նստաշրջանում։
Օրենքում շարադրվում է ՀԽՍՀ արխիվային վարչության իրավունքներն ու պարտականությունները վավերագրերի հաշվառման և հանրապետության տարածքում գտնվող պետական արխիվային ֆոնդի (ՊԱՖ), փաստաթղթային հուշարձանների օգտագործման ուղղությամբ։

1 9 7 8 թ.
Մարտի 21 - Համապատասխան որոշմամբ ՀԽՍՀ նախարարների խորհրդի  արխիվային վարչությունը վերակազմվում է գլխավոր արխիվային վարչության։ Որոշումը բխում է հանրապետությունում օրեցօր ավելացող արխիվային հաստատությունների թվից, նրանց կողմից տարվող աշխատանքների ծավալի և աճի մեծացումից, կուսակցական և գաղափարական նպատակասլացության դերի բարձրացումից, ինչպես նաև նրանց աճող հասարակական ֆունկցիաներից։
Հունիսի 21 - Հաստատվում է գլխավոր արխիվային վարչության կոլեգիայի նոր կազմը՝ Ա.Հ.Հարությունյան, Ա.Ա.Դարբինյան, Հ.Գ.Հովհաննիսյան, Գ.Գ.Հարությունյան, Ա.Ա.Սարգսյան, Է.Գ.Սարգսյան, Հ.Մ.Շաթիրյան։

1 9 7 9 թ.
Նոյեմբերի 5 - ՀԽՍՀ նախարարների խորհրդի որոշմամբ ստեղծվում է  գիտատեխնիկական փաստաթղթերի պետական կենտրոնական արխիվը:

1 9 8 0 թ.
Օգոստոսի 13 - ՀԽՍՀ Գերագույն սովետի նախագահության «Պատմության և կուլտուրայի հուշարձանների պահպանության և օգտագործման մասին» ՀԽՍՀ օրենքը կատարելու ընթացքի մասին՚ որոշումով հանձնարարվում է ՀԽՍՀ գլխավոր արխիվային վարչությանը՝ արմատապես բարելավել վավերագրական հուշարձանների պահպանման գործը, հետևողական աշխատանքներ տանել, որպեսզի նախարարությունները, գերատեսչությունները, հիմնարկ-կազմակերպությունները սահմանված կարգով կատարել նորմատիվային ակտերի և արխիվային նյութերի հաշվառումը, պահպանումը և դրանց հանձնումը պետական կենտրոնական արխիվներին։
Նոյեմբերի 4 – Ստեղծվում է Երևանի քաղաքային պետական արխիվը:

1 9 8 1 թ.

Հունվարի 5 - ՀԽՍՀ գլխարխիվի կոլեգիայի ոպոշմամբ ՀՀՍՇՊԿԱ-ում ստեղծվում է արվեստի և գրականության բաժին, նպատակ ունենալով արխիվում եկնտրոնացնել արվեստի և գրականության վերաբերյալ նյութերը։
Դեկտեմբերի 2 - Վերակազմվում է փաստաթղթերի գիտատեխնիկական մշակման գրասենյակը։ ՀԽՍՀ ՀՀՍՇՊԿԱ-ում ստեղծվում է գերատեսչական արխիվների կոմպլեկտավորման և փաստաթղթերի գիտական արժեքավորման էքսպերտիզայի բաժին, իսկ գիտատեխնիկական փաստաթղթերի և Երևանի քաղաքային ՊԿԱ-ներում՝ գերատեսչական արխիվների խմբեր։

1 9 8 3 թ.
Նոյեմբերի 4 - Հայֆիլհարմոնիայի փոքր դահլիճում, տեղի ունեցավ հանդիսավոր ժողով՝ նվիրված Հայկական ԽՍՀ-ում արխիվային գործի 60-ամյակին։
Ներկա էին կուսակցական ու խորհրդային մարմինների ղեկավար աշխատողներ, միութենական ու հանրապետական արխիվային հաստատություններից ժամանած պատվիրակներ, մայրաքաղաքի գիտական ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, շրջանային ու քաղաքային պետական արխիվների վարիչներ, արխիվային աշխատողներ և ուրիշներ։
Հանդիսավոր ժողովը ներածական խոսքով բացեց Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի նախագահի տեղակալ Յու.Խոջամիրյանը։ Նա Հայաստանի կոմկուսի Կենտկոմի, ՀԽՍՀ նախարարների խորհրդի և Գերագույն խորհրդի  նախագահության կողմից ջերմորեն շնորհավորեց հանրապետության արխիվային աշխատողներին՝ տոնի առթիվ, մատնանշեց մեր ժողովրդի անցյալի ու ներկայի, նրա տնտեսական, մշակութային և հոգևոր կյանքում արխիվների՝ պատմական այդ հավաստ սկզբնաղբյուրների ունեցած ակնառու դերն ու նշանակությունը, բնութագրեց անցած 60 տարիներին Հայաստանի արխիվագետների շնորհակալ աշխատանքը վավերագրական մասունքների կենտրոնացման, մշակման, պահպանման ու նպատակասլաց օգտագործման բնագավառում։
 
1 9 8 6 թ.
Փետրվարի 21 - ՀԽՍՀ Նախարարների խորհուդը ընդունում է «Հայկական ՍՍՀ-ում արխիվային գործի վիճակի եւ նրա հետագա զարգացման միջոցառումների մասին» որոշումը:

1991 թ.
Դեկտեմբերի 26 - ՀՀ կառավարությունը ընդունում է  «Հայաստանի Հանրապետությա հասարակական եւ քաղաքական կազմակերպությունների փաստաթղթերի պետական կենտրոնական արխիվ ստեղծելու մասին» կարգադրությունը:



 



Website design and development by BRONCOWAY