Կինոֆոտոֆոնո փաստաթղթերի կենտրոնական պետական արխիվը (ԿՖՖՓ) ստեղծվել է ՀԽՍՀ ժողկոմխորհի որոշմամբ՝ 1943թ.: Արխիվը կոչված էր ի մի հավաքելու, պետական պահպանության վերցնելու և գիտական լայն շրջանառության մեջ դնելու հայ ժողովրդի պատմության հետ առնչվող արժեքավոր կինոֆոտոֆոնո փաստաթղթերը:
ՀՀ կառավարության 1993թ. դեկտեմբերի 6-ի N 611 որոշմոմբ և ՀՀ մշակույթի նախարարի 1993թ. դեկտեմբերի 8-ի N 326 հրամանով արխիվը վերակազմակերպում է Հայաստանի ազգային ֆիլմադարանի: ՀՀ կառավարության 2005թ. օգոստոսի 4-ի N1237-ն որոշմոմբ ֆիլմադարանը վերակազմակերպվում է Հայաստանի ազգային արխիվի կինոֆոտոֆոնո փաստաթղթերի և ապահովագրական պատճեների մասնաճյուղի:
Մասնաճյուղն ունի հետևյալ կառուցվածքը.
ա) ղեկավարություն
բ) պահպանության ապահովման և հաշվառման բաժին
գ) համալրման, օգտագործման և ՏՈՀ ստեղծման բաժին
դ) լաբորատորիա
ե) տնտեսական բաժին:
Բազմազան է մասնաճյուղում պահվող կինոֆոտոֆոնո փաստաթղթերի թեմատիկան: Ժամանակագրական առումով արխիվում ավելի շատ կենտրոնացված են ֆոտոփաստաթղթեր: Ամենահին լուսանկարները վերաբերում են 19-րդ դարի երկրորդ կեսերին: Դրանք պատմական Հայաստանի դրվագներն են տարբեր մարզերի հայ բնակչության ազգագրությունից, կենցաղից, թուրքական լծի դեմ ուղղված ազգային-ազատագրական շարժումներից, ինչպես նաև այդ շարժման ղեկավարների ու ազգային մշակույթի նշանավոր գործիչների լուսանկարներ:
20-րդ դարի սկիզբը ներկայացնող բազմաքանակ ֆոտոփաստաթղթերը վերաբերում են երկրի տնտեսությանը (տնայնագործական ձեռնարկություններ, լեռնահանքային գործարաններ Ղափանում և Ալավերդիում, գինու գործարաններ Երևանում, մանր արհեստավորական ձեռնարկություններ Ալեսքսանդրապոլում և այլն): Մասնաճյուղում պահվող ֆոտոփաստաթղթերի մի խումբ նվիրված է 1914-1920թթ. Հայ ազգային-ազատագրական շարժումներին:
Խորհրդային ժամանակաշրջանի ֆոտոփաստաթղթերում արտացոլված է հանրապետության աշխատավորների ստեղծարար աշխատանքը երկրի ժողովրդական տնտեսության վերականգնման, ինդուստրացման, կոլեկտիվացման բնագավառում առաջին հնգամյակների տարիներին և սոցիալիստական շինարարության մյուս էտապներում:
Մասնաճյուղում պահվող բազմաթիվ ֆոտոալբոմներում արտացոլված է Երևանում ժողովրդական տան, Կիրովի անվան քիմկոմբինատի, Հայէլեկտրագործարանի, Կիրովականի քիմիական, Լենինականի տեքստիլ կոմբինատների, հանրապետության քաղաքների, գյուղերի կառուցման, առանձին կոլխոզների, սովխոզների առօրյայի, երկրաշարժերի հետևանքների վերացման, Հայրենական մեծ պատերազմի տարիներին հայկական դիվիզիաների մարտական ուղու, հայ մարզիկների հաջողությունների պատմությունը, ինչպես նաև առանձին անվանի արտիստների, գրողների, բանաստեղծների, զինվորական գործիչների կյանքն ու գործունեությունը: Ֆոտոփաստաթղթերը օգտագործվում են հասարակական-քաղաքական կազմակերպությունների, ստեղծագործական ընկերությունների և միությունների կողմից:
Մասնաճյուղում պահվում են հանրապետական արտադրության փաստավավերագրական ու գեղարվեստական ֆիլմեր, հատուկ թողարկումներ, կինոամսագրեր և տարեգրական բազմաթիվ կինոփաստաթղթեր:
Արխիվում կենտրոնացված ամենավաղ թվագրման ֆիլմերից են «Ջոն Հորբորդի արշավախումբը Հայաստանում» (1920թ.) փաստավավերագրական, «Նամուս» (1925թ.), «Զարէ» (1926թ.), «Շոր և Շորշոր» (1926թ.), «Չար ոգի» (1927թ.), «Խասփուշ» (1927թ.) և այլ համր գեղարվեստական ֆիլմեր:
Մասնաճյուղում պահվում են հեղափոխական, կուսակցական-պետական, զինվորական ու մշակութային գործիչների կյանքին ու գործունեությանը նվիրված փաստավավերագրական բազմաթիվ ֆիլմերը. «Սուրեն Սպանդարյան», «Սարգիս Կասյան», «Մարիետա Շահինյան», «Ծովակալ Իսակով», «Վառլամ Ավանեսով», «Ղուկաս Ղուկասյան», «Ավիացիայի մարշալը», «Նելսոն Ստեփանյան» և այլն:
Մասնաճյուղի ձայնադարանում իրենց տեղն են զբաղեցրել հայ ժողովրդի հասարակական, քաղաքական և մշակութային կյանքն արտացոլող բազմահազար մագնիսական ձայնագրություններ և ձայնասկավառակներ:
Պահվում են փաստավավերագրական ձայնագրություններ, նվիրված Երևանի 2750-ամյակին, Կոտայքի ջրամբարի բացմանը, հանրապետությանը Լելինի շքանշանով պարգևատրմանը և հոբելյանական այլ տարելիցներին, հիշարժան իրադարձություններին: Ձայնադարանում կարելի է լսել կուսակցական ու պետական նշանավոր գործիչներ Կ.Ե.Վորոշիլովի, Ա.Ի.Միկոյանի, մարշալ Հ.Ք.Բաղրամյանի, ակադեմիկոսներ Հ.Ա.Օրբելու, Վ.Հ.Համբարձումյանի, հայ անվանի գրողներ Ավ.Իսահակյանի, Ե.Չարեցի, Ն.Զարյանի, Պ.Սևակի, Հովհ.Շիրազի, Ս.Կապուտիկյանի և ուրիշների ելույթների ձայնագրությունները:
Այստեղ են պահվում Խ.Ս.Քուշնարյովի խմբի կողմից հանրապետության տարբեր շրջաններից հավաքագրված «Մեռնեմ ջանիդ», «Մանան ջան», «Հրես եկան սելերը», «Ողբ», «Հայրենիք», «Ոսկե մազեր», «Մի ծառ եմ ծիրանի», «Օրոր», «Հորովել», «Նախշուն աչեր», «Սև մութ ամպեր» և ժողովրդական այլ երգերի, հայ նշանավոր կոմպոզիտորների լավագույն ստեղծագործությունների և դրանց բարձրարվեստ կատարումների ձայնագրությունները:
Մասնաճյուղի փաստաթղթային կազմում առանձնահատուկ տեղ է գրավում Հայրենական մեծ պատերազմին հայ ժողովրդի մասնակցության թեման: Նյութերի այս խմբում աղբյուրագիտական առումով մեծ արժեք են ներկայացնում հայկական հրաձգային 76-րդ, 89-րդ, 408-րդ, 409-րդ դիվիզիաների մարտական սխրանքների, թիկունքի հերոսական աշխատանքի, մարտադաշտում հայ ռազմիկների անօրինական հերոսությունների տարեգրության էջերը լրացնող լուսանկարներն ու կինովավերագրերը:
Արխիվապահոցներում առկա են նաև զգալի թվով կինո- ֆոտո-ֆոնո փաստաթղթղեր, որոնք որոշակիորեն լուսաբանում են ՀՀ պետական մարմինների գործունեությունը, պետական իշխանության բարձրագույն և տեղական մարմինների ընտրությունների նախապատրաստամն և անցկացման ընթացքը:
Մասնաճյուղում կենտրոնացված բազմաբովանդակ ֆոտոփաստաթղթերը, կինոֆիլմերն ու ձայնագրությունները ոչ միայն արտացոլում են հայ ժողովրդի քաղաքական, սոցիալ-տնտեսական ու մշակությանին կյանքը, այլև որոշակի պատկերացում են տալիս հանրապետության տարբեր էտապներում լուսանկարչական, կինեմատոգրաֆիական ու երաժշտական արվեստի զարգացման մակարդակի մասին՝ սկսած 20-ական թվականներից մինչև մեր օրերը:
0052 ք.Երևան Թբիլիսյան խճուղի 25 ա, Հեռ. (37410) 246-813