հայերեն русский english
Փնտրել
 





Գարեգին Ա Հովսեփյան Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսին նվիրված վավերագրերի ժողովածուների շնորհանդես
2017-09-20

2017թ. սեպտեմբերի 20-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի <<Վաչե և Թամար Մանուկյան>> մատենադարանում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն պատրիարք և Ամենայն հայոց կաթողիկոսի ու Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսի, տեղի ունեցավ երջանկահիշատակ Տ.Տ. Գարեգին Ա Հովսեփյան Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսին նվիրված վավերագրերի և արխիվային նյութերի երկու ժողովածուների շնորհանդեսը:
Ժողովածուներն ընդգրկում են Հայաստանի ազգային արխիվում և Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության արխիվում պահվող վավերագրերն ու արխիվային նյութերը: Վավերագրերի Ա հատորը տպագրվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի, իսկ Բ հատորը՝ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարանի կողմից:
Հանդիսությանը ներկա էին Մայր Աթոռ  Սուրբ Էջմիածնի և Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության միաբաններ, ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, Հայաստանի ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը, Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի տնօրենի ժամանակավոր  պաշտոնակատար Վահան Տեր-Ղևոնդյանը, ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, գիտնականներ, ճեմարանականներ և այլոք:
Գարեգին Ա հայրապետի ծննդյան 150-ամյակի ու վախճանման 65-րդ տարելիցի ոգեկոչմանը ձոնված երեկույթը սկսվեց Տերունական աղոթքով և Մայր Աթոռի արխիվի տնօրեն արժանապատիվ տ. Ասողիկ քահանա Կարապետյանի բացման խոսքով:
Այնուհետև շնորհանդեսի մասնակիցները դիտեցին Գարեգին Ա Հովսեփյան կաթողիկոսին նվիրված ֆիլմը, որից հետո ժողովածուները հրատարակության պատրաստած՝ Հայաստանի ազգային արխիվի բաժնի վարիչ, պատմական գիտությունների թեկնածու Գոհար Ավագյանը ներկայացրեց ժողովածուների բովանդակությունը ու դրանց հրատարակման նպատակով կատարված աշխատանքները:
Ելույթ ունեցան նաև ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը, ով ներկայացրեց Գարեգին Ա կաթողիկոսի գործունեությունը հայ ժողովրդի համար ծանր ժամանակաշրջանում, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Վիգեն Ղազարյանը, ով ներկայացրեց կաթողիկոսի գիտական վաստակը, ինչպես նաև՝ այլ գիտնականներ ու հոգևոր դասի ներկայացուցիչներ, ովքեր, իրենց հերթին, մեծարեցին Գարեգին Ա կաթողիկոսի ինչպես քաղաքական, այնպես էլ՝ գիտական գործունեությունը:
Հանդիսությանը Հայաստանի պետական կամերային երգչախմբի կատարմամբ հնչեցին հոգևոր երգեր, հայ և այլազգի կոմպոզիտորների ստեղծագործություններ:
Վերջում Գարեգին Ա Հովսեփյան կաթողիկոսի մեծ վաստակի ու հիշատակի առջև իր խոնարհումն արտահայտեց Նորին սրբություն Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը, իսկ շնորհանդեսը պատգամով ամփոփեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն պատրիարք և Ամենայն հայոց կաթողիկոսը: Վերջին նաև իր բարձր գնահատանքը հայտնեց ժողովածուների հրատարակման գործում իրենց ջանքերը ներդրած բոլոր անձանց, մասնավորապես՝ Հայաստանի ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանին ու ՀԱԱ բաժնի վարիչ Գոհար Ավագյանին:


< կարդալ բոլորը



 



Website design and development by BRONCOWAY