հայերեն русский english
Փնտրել
 





Հայաստանի ազգային արխիվի տնօրեն Ա. Վիրաբյանի հանդիպումը ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության մշակույթի խորհրդական Սեյյեդ Մոհամմադ Ռեզա Հեյդարիի հետ
2018-02-21

2018 թ. փետրվարի 21-ին Հայաստանի ազգային արխիվի տնօրեն Ա. Վիրաբյանը հանդիպում ունեցավ ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության մշակույթի խորհրդական Սեյյեդ Մոհամմադ Ռեզա Հեյդարիի հետ, ով նաև համակարգում է երկու երկրների արխիվների միջև համագործակցությունը:
Հանդիպման սկզբում պարոն Վիրաբյանը շնորհավորեց պարոն Հեյդարիին Հայաստանում իր դիվանագիտական առաքելությունը սկսելու առթիվ, միաժամանակ իր ցավակցությունները հղեց Իրանի ժողովրդին՝ իրանական ինքնաթիռի վթարի կապակցությամբ:
Անդրադառնալով արխիվային գործի բնագավառում Հայաստանի և Իրանի միջև համագործակցության խնդիրներին, պարոն Վիրաբյանը տեղեկացրեց, որ 2017 թ. դեկտեմբերի վերջին ստորագրվել է «Հայաստանի Հանրապետության ազգային արխիվի և Իրանի Իսլամական Հանրապետության ազգային գրադարանի և արխիվի միջև համագործակցության մասին» հուշագիր և այժմ հայկական կողմը պատրաստ է անցնել գործնական ծրագրերի իրականացմանը:
Ծանոթացնելով Հայաստանի ազգային արխիվի գործունեությանն ու պահվող արխիվային փաստաթղթերին, նա տեղեկացրեց հյուրին, որ ՀԱԱ արխիվային փաստաթղթերի հավաքածուում զգալի տեղ են զբաղեցնում հայ-պարսկական համագործակցության վերաբերյալ փաստաթղթերը:
Նա նաև տեղեկացրեց, որ մոտ ապագայում Հայաստանի ազգային գրադարանի տնօ-րենի հետ նախատեսում է այցելել Իրանի Իսլամական Հանրապետություն՝ ստորագրված պայմանագրի դրույթների շուրջ գործնական բանակցություններ վարելու և համատեղ ծրագրերի շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերելու համար:
Միաժամանակ,  պարոն Վիրաբյանը առաջարկեց այս տարվա երկրորդ կեսին՝ սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին կազմակերպել հայ-իրանական համագործակցության վերաբերյալ արխիվային փաստաթղթերի համատեղ ցուցադրություն, որը նվիրված կլինի հայ-իրանական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին: Առաջարկվեց նաև հրատարակել նշյալ ցուցահանդեսի փաստաթղթերի 3-ալեզու կատալոգը (հայերն, պարսկերեն և անգլերեն):
Պարոն Հեյդերին ողջունեց առաջարկները և խոստացավ աջակցել դրանց իրականացմանը:
Հանդիպման ավարտին, Հայաստանի ազգային արխիվի տնօրենը պարոն Հեյդարիին հանձնեց Ամենայն Հայոց Կաթողիկոս Եփրեմ Ա Ձորագեղցու կոնդակի պատճենը, որից հետո հյուրերը Հայաստանի ազգային արխիվի տնօրենի տեղակալ Ս. Միրզոյանի ուղեկցությամբ շրջայց կատարեցին արխիվի պահոցներում:
 
 


< կարդալ բոլորը



 



Website design and development by BRONCOWAY