հայերեն русский english
Փնտրել
 





«Երևանի XIX դարի ուսումնական հաստատությունները»
2018-10-24

Երևանի հիմնադրամ 2800-ամյակի տոնակատարությունների շրջանակում 2018 թ. հոկտեմբերի 24-ին Հայաստանի ազգային գրադարանում բացվեց Հայաստանի Ազգային արխիվի և Հայաստանի ազգային գրադարանի համատեղ ցուցադրությունը, որը կրում էր  «Երևանի XIX դարի ուսումնական հաստատությունները» խորագիրը:  Բնօրինակով ներկայացված ուշագրավ փաստաթղթերը պատմում էին Երևանի արական գիմնազիայի, Երևանի Գայանյան և Հռիփսիմյան իգական դպրոցների, Երևանի հայոց թեմական դպրոցի, Երևանի ուսուցչական սեմինարիայի, Երևանի Պուշկինյան տարրական ուսումնարանի գործունեության մասին:
Ժամանակագրական առումով ցուցադրությունը ընդգրկում էր 1816-1921 թվականները և վերաբերում ուսումնական հաստատությունների հիմնադրման, դասավանդվող առարկաների, ծրագրերի, ուսուցիչների պարգևատրման պատմությանը և այլն:
Մեծ հետաքրքրություն առաջացրեցին ուսումնական հաստատությունների շենքերի նախագծերը, սաների և ուսուցիչների համար նախատեսված համազգեստների գծագրերն ու նկարները, ավարտական վկայականները:
Առանձին ուշադրության են արժանի Երևանի արական գիմնազիային նվիրված նյութերը (այդ թվում դպրոցի շրջանավարտների լուսանկարների ալբոմը): 1843-1848 թվականներին այս գիմնազիայի տեսուչն էր  հայ ականավոր գրող, մանկավարժ, լուսավորիչ, արևելահայ աշխարհաբար գրականության հիմնադիր Խաչատուր Աբովյանը: Խորհրդային կարգերի հաստատումից հետո գիմնազիայի հիմքի վրա բացվել է 2-րդ աստիճանի միջնակարգ դպրոցը, որը 1925 թվականից կոչվել  է Խաչատուր Աբովյանի անունով:
Ցուցահանդեսի բացմանը ելույթ ունեցան Հայաստանի ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը, Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն Տիգրան Զարգարյանը, գրականագետ Դավիթ Գասպարյանը, ովքեր իրենց ելույթներում կարևորեցին կրթական հաստատությունների դերն ու նշանակությունը Երևանի պատմության և զարգացման գործում:






< կարդալ բոլորը



 



Website design and development by BRONCOWAY