հայերեն русский english
Փնտրել
 





Հայաստանի ազգային արխիվում հայ-լեհական առնչություններին նվիրված ցուցահանդես
2018-11-15

2018 թ. նոյեմբերի 15-ին Հայաստանի ազգային արխիվում կայացավ Վարշավայի Պատմական ակտերի Կենտրոնական Արխիվի պահոցներից Հայաստանի Ազգային Արխիվին փոխանցվող փաստաթղթերի պատճենների հանձնման հանդիսավոր արարողությունը, որի շրջանակներում հայկական կողմին փոխանցվեց 10 անուն ձեռագիր արխիվային փաստաթղթի պատճեններ՝ հայերեն, լեհերեն և լատիներեն լեզուներով: Մասնավորապես. Լեհաստանի թագավոր Կազիմիրի՝ հայ եպիսկոպոս Գրիգորին Լվովում հաստատվելու, իր հավատը դավանելու և Լեհաստանում ապրող հայերին իրավաբանական ծառայություններ մատուցելու մասին թույլտվությունը (1367 թ. լատիներեն), Հայազգի պատրիարք Մովսեսի խնդրագիրը Վլադիսլավ V թագավորին Լեհաստանի հայերին պաշտպանելու մասին (1632 թ. հայերեն), Լեհ թագավոր Յան III-ի հրովարտակը՝ Բերնարդ Կրիստոֆ Բերնատովիչին ազնվական տիտղոս և Բերնացկի ազգանունը շնորհելու մասին (1676 թ., լատիներեն), Լվովի հայազգի եպիսկոպոս Նիկոլայ Թորոսովիչի նամակը թագադիր փոխնախագահ Թոմաս Զամոսկուն (1632 թ. լեհերեն)  փաստաթղթերը:  Փաստաթղթերը, որի  փոխանակման վերաբերյալ պայմանավորվածությունը ձեռք էր բերվել դեռևս 2018 թ. հունիսին Հայաստանի ազգային արխիվի տնօրենի Վարշավա գործուղման ժամանակ, Հայաստանի ազգային արխիվին հանձնեց Վարշավայի Պատմական ակտերի Կենտրոնական Արխիվի տնօրեն Վայսա Հուբերտը: Միջոցառմանը ներկա էին Հայաստանում Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպան Պավել Չեպլակը, Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան Էդգար Ղազարյանը, ՀՀ ԱԳՆ Եվրոպայի վարչության պետ Տիգրան Սամվելյանը, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության արտաքին կապերի վարչության պետ Լիլիթ Սարոյանը, Մ. Մաշտոցի անվան հին ձեռագերի ինստիտուտ «Մատենադարանի» և այլ հրավիրված հյուրեր: Ողջույնի խոսքով հանդես եկան Հայաստանի ազգային արխիվի տնօրեն Ա. Վիրաբյանը, Վարշավայի Պատմական ակտերի Կենտրոնական Արխիվի տնօրեն Վայսա Հուբերտը, Լեհաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Չեպլակը, Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան Էդգար Ղազարյանը: Փաստաթղթերի հանձնման արարողությանը հաջորդեց հայ-լեհական առնչություններին վերաբերող արխիվային փաստաթղթերի ցուցադրությունը:


< կարդալ բոլորը



 



Website design and development by BRONCOWAY