հայերեն русский english
Փնտրել
 





ՂՐԻՄԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻՆԵՐԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆԸ ՆՎԻՐՎԱԾ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ ԱԶԳԱՅԻՆ ԱՐԽԻՎՈՒՄ
2013-06-18

2013թ. Հունիսի  18-ին, Հայաստանի  ազգային արխիվի  ցուցադրությունների սրահում, Ուկրաինայի արխիվագետների  պատվիրակության  Հայաստան  այցելության  շրջանակներում, տեղի  ունեցավ   «Ղրիմի  հայկական  եկեղեցիները» խորագրով  փաստաթղթերի  և լուսանկարների  հայ – ուկրաինական  համատեղ  ցուցադրության  բացման  հանդիսավոր  արարողությունը:
Դեռևս  2012թ. հոկտեմբերի  16-ին նույնանուն  ցուցադրությունը  ներկայացվել  է Ղրիմի  ինքնավար  հանրապետության  մայրաքաղաք  Սիմֆերոպոլում`  Ի.Ֆրանկոյի  անվան հանրային-գիտական  գրադարանում: Ինչպես  նախորդ, այնպես  էլ  այս  անգամ, կազմակերպիչներն  էին  Հայաստանի  ազգային  արխիվը, Ուկրաինայի  պետական  արխիվային  ծառայությունը  և  Ղրիմի  ինքնավար  հանրապետության  պետական  արխիվը:
Բացման  խոսքում, ողջունելով  ներկաներին, ՀԱԱ  տնօրեն  Ամատունի  Վիրաբյանը  կարևորեց  Հայաստանի  ազգային  արխիվի  և  Ուկրաինայի  պետական  արխիվային  ծառայության  միջև  արխիվային  գործի  ոլորտում  համագործակցությունը, որը  հաստատվել  էր  2007թ. սեպտեմբերի  14-ին  կնքված  պայմանագրով:
ՀԱԱ  տնօրենի  տեղակալ  Սոնյա  Միրզոյանը  հակիրճ  ներկայացրեց  ցուցահանդեսում  ներկայացված  նյութերը: Նա  տեղեկացրեց  նաև, որ   ցուցադրության   փաստաթղթերը  և  լուսանկարները,  պատճենների  ձևով,  հանձնվել  են  Սբ.Խաչ  (Ղրիմ, Սիմֆերոպոլ)  վանական  համալիրին`  որպես  մշտական գործող  ցուցահանդես:
ՀՀ-ում  Ուկրաինայի  արտակարգ  և  լիազոր  դեսպան  Իվան  Կուխտան  գնահատանքի  խոսքեր  ասաց  հայ  և  ուկրաինական  արխիվագետների  հասցեին, որոնց  ջանքերի  շնորհիվ  կայացավ  այս  հետաքրքիր  և  ուսանելի  ցուցահանդեսը: Ուսանելի  հատկապես  աճող  սերնդի  համար, որը  կարող  է  նպաստել  ժողովուրդների  միջև  բարեկամության  ամրապնդմանը:
Այսօր  Ուկրաինայում  ապրում  են  մոտ  կես  միլիոն  հայեր, որոնք  մեծ  ավանդ  ունեն  երկրի  տնտեսության  կայացման  և  զարգացման  գործում, փաստեց  վերջինս: Ցուցահանդեսի  կազմակերպիչների  հասցեին  դրվատանքի  խոսքեր  ասաց  նաև  ՀՀ տարածքային  կառավարման  փոխնախարար  Յուրի  Բախշյանը:
Ուկրաինայի  արխիվային  ծառայության  ղեկավարի  տեղակալ  Օլգա  Մուզիչուկը  ընդգծելով  այն  արհեստավարժությունը, որով  աչքի  է  ընկնում  ցուցադրությունը, մաղթեց, որ  այսուհետ  ևս, երկու  երկրների  համագործակցության  արդյունքում, իրականացվեն  բազմաթիվ  հետաքրքիր  միջոցառումներ:
«…Աստծո  օրհնությունը  ձեր  պետությանը,  ուր,  ի  տարբերություն շատ  այլ  երկրների, պահվում  ու  պահպանվում  են  քրիստոնեական  մասունքները, այդ  թվում`  հայկական  եկեղեցիները»,- դիմելով  ուկրաինացի  հյուրերին,  ասաց  Տեր  Շահեն  քահանա  Հայրապետյանը: Այնուհետև  ներկաները  մեծ  հետաքրքրությամբ  դիտեցին  ցուցադրությունը, ուր  ներկայացված  էին  Ղրիմի  հայ  գաղութի  մասին  պատմող  փաստաթղթեր, ռուսական  կայսրերի  հրամանագրեր, համաձայնագրեր, տեղեկագրեր, գաղթականների  ցուցակներ, պաշտոնական  նամակներ, զեկուցագրեր, քաղվածքներ արձանագրություններից, Ղրիմի  հայկական` Սբ.Գևորգ, Սբ.Սարգիս,Սբ.Հրեշտակապետ, Սբ.Հռիփսիմե, Սբ.Աստվածածին, Սբ.Փրկիչ, Սբ.Խաչ  և  մյուս  եկեղեցիների  մասին  փաստաթղթեր, Ղրիմի  հայկական  ուսումնական  հաստատությունների, հայ  հրատարակչական գործի  մասին  փաստաթղթեր, ինչպես  նաև  հայազգի  անվանի  գործիչներ  Այվազովսկի  եղբայրների, նավատորմի  ծովակալ    Լ.Սերեբրյակովի (Արծաթագործյան), նկարիչ, արվեստաբան  Վ.Սուրենյանցի  և  այլոց  գործունեության  մասին  արխիվային  նյութեր:
    
 


< կարդալ բոլորը



 



Website design and development by BRONCOWAY